Բլոգներ / Messenger-ը բիզնես կայքերի համար գործարկում է նոր փլագին
None | Օգոստ․ 5, 2020, 11:55 p.m. | 0

Facebook-ը վեբ կայքերում բիզնեսների համար ավելի է հեշտացնում Messenger-ի օգտագործումը։ Ընկերությունն առաջին անգամ գործարկել է հաճախորդների զրուցարանի նոր փլագինը 2017 թվականի նոյեմբերին, որը հաճախորդներին հնարավորություն էր տալիս բիզնեսի սեփական կայքում անմիջականորեն շփվել բիզնեսի հետ՝ օգտագործելով Messenger ծառայությունը: Այնուամենայնիվ, այս փլագինը կայքի այցելուներից պահանջում էր մուտք գործել Facebook, ինչը սահմանափակում էր դրա օգտագործումը։ Այսօր դա փոխվում է, ասում են Facebook-ում։
Փլագինի նախորդ տարբերակը սահմանափակում էր հաճախորդների շփման ունակությունը։ Հաճախորդներն, ովքեր չէին օգտվում Facebook-ից, չէին հիշում իրենց գաղտնաբառը կամ կայքէջ էին այցելում այլ սարքից, չէին կարողանում զրուցել բիզնեսի հետ։ Մյուս հաճախորդները պարզապես ավելի շատ ցանկանում էին անանուն ուղարկել իրենց հարցումները՝ գուցե անհանգստացած լինելով, որ բիզնեսը կշարունակի հետագայում նրանց հետապնդել Messenger հավելվածում։
Ըստ Facebook-ի, թարմացված փլագինն այժմ հաճախորդներին հնարավորություն կտա զրուցել բիզնեսի հետ՝ առանց Facebook մուտք գործելու։ Փոխարենը, հնարավոր կլինի «շարունակել որպես հյուր» տարբերակը: Այնուամենայնիվ, բիզնեսները դեռ կկարողանան օգտագործել իրենց բոլոր գործիքները՝ այս առցանց օգտատերերի հետ իրենց խոսակցությունները կառավարելու համար։
Թարմացումը նաև վերափոխված տեսք և զգացողություն կբերի փլագինին, ինչը Facebook-ի պնդմամբ փորձարկման ժամանակ հանգեցրել է հաճախորդների զրույցների 45% աճի:
Ինչ-որ չափով, այնուամենայնիվ, այս աճը կարող է մասամբ պայմանավորված լինել կորոնավիրուսային համաճարակի պատճառով առցանց գնումներ կատարող հաճախորդների թվի աճով, այլ ոչ թե պարզապես ավելի լավ փլագինով:
Ըստ Facebook-ի, ընկերություններն այժմ կարող են ինքնուրույն տեղադրել փլագինը կամ աշխատել WooCommerce-ի, ManyChat-ի, Haravan-ի և նման այլ գործընկերների հետ, որպեսզի այն տեղադրեն իրենց համար:
Նյութի աղբյուրը՝ https://tcrn.ch/3i8guCL